ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ճապոնական նոր կինոն` Հայաստանում

ճապոնական նոր կինոն` Հայաստանում
02.11.2013 | 11:29

ՀՀ Ճապոնիայի դեսպանությունը և հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնը` նոյեմբերի 2-6-ը Երևանում, Գյումրիում և Էջմիածնում կանցկացնեն ճապոնական ֆիլմերի փառատոն:

Փառատոնն անցկացվում է մշակույթի նախարարության աջակցությամբ: Բացումը կկայանա նոյեմբերի 2-ին, ժամը 18:30-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Բացման ֆիլմը` Կէնձի Նականիսիի «Ծաղկունքից հետո» պատմական մելոդրաման է:

Մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Սվետլանա Սահակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ հայ ճապանական համագործակցությունը վերջին 2-3 տարիներին բավականին ակտիվացել է: «Այս տարի, քանի որ Ճապոնիայում բացվել է Հայաստանի դեսպանություն, մենք հնարավորություն ունեցանք, Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Ճապոնիայում ներկայացնել խաչատրյանական երաժշտություն»,- ասաց Սվետլանա Սահակյանը` ընդգծելով, որ համերգներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում` մեծ հետաքրքրության արժանանալով ճապոնացի հանդիսատեսի շրջանում:

Մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանը նշեց, որ փառատոնն արդեն երրորդ տարին է իրականացվում մեր հանրապետությունում, և տարեց տարի առավել ընդլայնվում է աշխարհագրությունը. նոր քաղաքներ են ներգրավվում, ինչը նշանակում է, որ կա պահանջարկ մեր արվեստասերների շրջանում: «Շատ խորհրդանշական ճապոնական իմաստություն կա, որն ասում է` մոմն այրվելով է լույս տալիս: Այս կարճ նախադասությունը բնութագրում է Ճապոնիայի մտավորականության պատասխանատվության աստիճանը իրենց հետևող, իրենց ունկնդրող մարդկանց, իրենց ժամանակակիցների նկատմամբ»,- ասաց Արամ Գյուրջյանը:

«Հիկարի» կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը տեղեկացրեց, որ փառատոնի շրջանակներում կներկայացվի 5 լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ` արտադրված 2009-2010 թվականներին: Հույս հայտնեց, որ փառատոնը գուցե հնարավորություն տա հաջորդ տարի հրավիրել ճապոնացի ռեժիսորի` շփվելու հայ կինոգործիչների, հայ հանդիսատեսի հետ, և հաջորդիվ, հայկական ֆիլմերի փառատոն կազմակերպել Ճապոնիայում:

Հայաստանում Ճապոնիայի դեսպանության լիազորված համակարգող Արիհիկո Հասեգավան նշեց, որ ներկայացվելու են տարբեր ժանրի ֆիլմեր: «Կինոն այն արվեստն է, որ ներկայացնում է տվյալ երկրի պատմությունը, մշակույթը: Այս փառատոնն էլ ավելի կմիացնի մեր երկրները»,-ասաց նա` ներկայացնելով նաև Կէնձի Նականիսիի ուղերձը` կինոփառատոնին, որը եզրափակվում է հետևալ բառերով. «ՈՒրախ կլինեմ, եթե հանդիսատեսը դիտի ֆիլմը` զգալով և հասկանալով այն ամենակարևորը, ինչը չի մեկնաբանվում բառերով: Հուսով եմ բոլորին այն դուր կգա»:

«Տարիներ առաջ (ես սովորում էի առաջին դասարանում), երբ Գոհար Գասպարյանն իր երկրորդ հյուրախաղերն է ունենում Ճապոնիայում, նույնիսկ երկրաշարժը չի խոչընդոտում, որ համերգն անցնի լեփ-լեցուն դահլիճում: Եվ դա բացատրվել է հետևյալ կերպ` առաջին անգամ Ծագող արևի երկրում Արևը ծագեց Արևմուտքից».-այս վերհուշով սկսեց իր խոսքը կինոգետ Սիրանուշ Գալստյանը, նշելով, որ միայն ճապոնացին կարող է այդքան նրբին ձևով, այդքան ընգրկուն ու կարճ պատասխան տալ: Անդրադառնալով, իր խոսքով, այդ զարմանալի երկրի կինոյին, ասաց, որ Ակիրա Կուրոսավա անունը Հայաստանում գիտեն բոլոր նրանք, որվքեր իսկապես սիրում են ճշմարիտ արվեստ և կինո: «Կուրոսավան, կարծում եմ, նույնիսկ մեր անձի ձևավորման մեջ է մասնակցութուն ունեցել: Նրա` «Օսկարի» արժանացած «Դերսու Ուզալա»-ն մեր ուղեկից ֆիլմերից մեկն էր, մեր սիրտը կարծես համատակատ բաբախում էր այդ ռեժիսորի, այդ ֆիլմի հերոսի հետ: Կարող ենք ասել, որ համաշխարհային կինոյի մեծագույն երազողներից էր, նաև` մարգարեներից,-ասաց կինոգետը` հավելելով, որ եթե նման հսկաների ստվերը թևածում է երկրի վրա, շատ դժվար է երիտասարդ ռեժիսորներին համարձակ լինել, բայց հակառակ դեպքում` կինոն կվերջանար:
Նրա համոզմամբ` նման փառատոները հնարավորություն կտան նոր անուններ հայտնաբերել ճապոնական կինոյում, պատկերացում կազմել այդ երկրի մասին: Անդրադառնալով «Բուսիդո պատանիների համար» ֆիլմին, ասաց, որ սամուրայների բուսիդոն` վարվելակերպի էթիկան Արևմուտքի մարդու համար անընկալելի առեղծված է, սակայն մենք` իբրև և Արևելքը և Արևմուտքը կրող ժողովուրդ, կարողանում ենք ինչ-որ արահետներով կապվել ու հասկանալ, թե ինչ է նշանակում այդ վարվելակերպի էթիկան:
Հավելենք, որ փառատոնը կանցկացվի Երևանում՝ նոյեմբերի 2-4-ը («Մոսկվա» կինոթատրոն), Գյումրիում՝ նոյեմբերի 5-6-ը («Հոկտեմբեր» կինոթատրոն), Էջմիածնում՝ նոյեմբերի 6-ին (քաղաքապետարանի դահլիճ) :

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1706

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ